ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի, ներկայումս հետազոտություններ է անցնում։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Դեռ չեն ավարտվել հետազոտությունները, ընթացքի մեջ են, կոնսերվատիվ բուժում է ստանում։ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բարելավվել է, այս պահին կայուն վիճակում է գտնվում։ Բայց 65-ն անց է, սրտանոթային և այլ օրգան համակարգերի խնդիրներ ունի, որոնք բուժման կարիք ունեն», - նշեց Արմեն Չարչյանը։
Տնօրենը նշեց, որ դեղորայքային բուժման արդյունավետությունից և հետազոտություններից է կախված, թե ինչ վիրահատության պետք է ենթարկվի Ռոբերտ Քոչարյանը։
Արմեն Չարչյանը նաև հայտնեց, որ ներկայումս տեսակցություններ կատեգորիկ չեն թույլատրվում, Քոչարյանը հսկվում է ՔԿՀ աշխատակիցների կողմից։
Նշենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ նա տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության: Նախնական հետազոտության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս գործով դատական նիստ շաբաթներ շարունակ է, ինչ տեղի չէր ունենում՝ դատավորի բացակայության պատճառով։ Ներկայումս առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:
Սոնա Գրիգորյան