ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300 000 դրամ պարգևատրում):
Սոցապ ծառայությունից հայտնում են, որ նրանց միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան (կանխիկ՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով):
Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով վճարվելու է փոստային բաժանմունքներում: Վճարման ժամկետի ավարտը՝ հունիսի կենսաթոշակների վճարման ժամկետին համապատասխան:
Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. հունիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից:
Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ եղանակով վճարումը Հայփոստ ընկերության միջոցով կիրականացվի նախկին եղանակով՝ շահառուի ցանկությամբ, հասցեական առաքմամբ կամ փոստային բաժանմունքներում՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: