ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին հայտնում է asbarez.com-ը` հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:
Կոնգրեսական Ադամ Շիֆ
«Շատ անհանգստացած եմ վերջին օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքների և ապակայունացնող քայլերի համար՝ ներառյալ հայ զինվորների ուղղությամբ կրակոցները: Այդ գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների և խաղաղ բնակչության կյանքը և բարձրացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար` մանավանդ համավարակի պայմաններում:
Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թույլ չտալու համատեքստում: Ես կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին` բոլոր կողմերին բացատրել զսպվածության և լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
Սենատոր Էդ Մարքի
«Աջակցում եմ Հայաստանին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անհապաղ դադարեցնեն այս հակամարտությունը»,-հայտարարել է սենատոր Մարքին:
Ֆրենկ Փալոուն
«Ադրբեջանը կրկին փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի կտրուկ հռետորաբանությունը ևս մեկ հակամարտություն սանձազերծելու համաձայնեցված ջանքերի մաս է»,-ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը:
Թիջեյ Կոքս
«Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի վրա հարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում և Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարվելու արդյունք: ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում»,-Կենտրոնական Կալիֆոռնիայից կոնգրեսական Թիջեյ Կոքսը:
Բրեդ Շերման
«Ես շատ անհանգստացած եմ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կատարած սադրանքների առնչությամբ: Այդպիսի գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների ու քաղաքացիական բնակչության կյանքը: Ցավոք, այդ գործողություններն անսպասելի չէին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ»,-ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը:
--00—ԼՄ