ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 23-ից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում կիրառվում են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Այսօր՝ մինչ կեսօր, այդ սահմանափակումներից բացառություն է արվել Հաթերքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ թույլատրելով նրանց մուտքը համայնք: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Համայնքում ելքի ու մուտքի հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է տեղում կազմակերպված սգո արարողությանը մասնակցած անձանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Վարակակիրները ՀՀ-ից են ժամանել, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը:
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներն անմիջապես ուղարկվել են բնակության վայրի բուժհաստատություն: Եվ քանի որ սգո արարողության ժամանակ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ պատճառով համայքն ելքն ու մուտքը սահմանափակվել է: Անմիջական շփում ունեցած անձանց տեղափոխել են մեկուսացման վայրեր:
Առողջապահության նախարարության մասնագետները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի արագ արձագանքման խումբը դեպքի առնչությամբ շարունակում է անհրաժեշտ աշխատանքները:
Հիշեցնենք, որ երեկ, ի կատարումն ԱՀ պարետի 2020թ.հուլիսի 23-ի որոշման, ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։
--00—ԼՄ