ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ շարժման անդամներից մեկի հետ Ջերմուկի ճանապարհին են: Նա միանալու կոչ արեց երկրի բոլոր բնապահպաններին՝ այն մարդկանց, ովքեր իրականում մտահոգ են Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրներով, մարդկանց, ովքեր տեսնում են, որ Հայաստանն այլ ապագա չունի, քան ավելի լավ շրջակա միջավայր:
«Այս պահին ծայրահեղ լարված վիճակ է, առավոտից նաև մեր կազմավորման անդամները տեսել են, թե ինչ է կատարվում Ամուլսարում, արձագանքելով նրանց կոչին՝ մենք Ջերմուկի ճանապարհին ենք և ամեն ինչով աջակցելու ենք, որ վերջնական գնահատական տրվի, թե ինչ է կատարվում Ամուլսարում, որ ջերմուկցիներին բացատրեն՝ այդ ռիսկերի պատասխանատվությունն ով է կրում, և թե 7 կամ 140 տարի հանքը շահագործելով, հետո փակելով, հեռանալով այդ տարածքից՝ մենք, մեր սերունդները, երեխաները գալիք 100 տարվա ընթացքում ինչպիսի բնապահպանական աղետների կարող են ականատես լինել»,- ասաց նա:
Ջերմուկից ուղիղ եթեր մտնելով՝ Վարագյանը նշեց՝ տեղացիները դժգոհում են, որ իշխանությունները չեն արձագանքել, որևէ գնահատական չեն տվել: Նրա խոսքով՝ բնակիչներին մտահոգում է, որ այստեղ պարբերաբար փորձում են սադրանքներ կազմակերպել:
Նա տեղեկացրեց՝ ջերմուկցիները որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի պահակակետ, որտեղ երեկ կեսգիշերին և այսօր առավոտյան գործողություններ են տեղի ունեցել. այստեղ փորձել են Ամուլսարի պահապանների տնակները հանել ու դրանց փոխարեն տեղադրել իրենց պահակակետերը: Այնուհետև, ըստ իրավիճակի, որոշում են կայացնելու և պահանջելու են վերջնական գնահատական տան իշխանություններն ու ասեն՝ ինչպես են պատկերացնում այս խնդրի լուծումը:
Վահագյանն ասաց, որ ամբողջ այս ժամանակահատվածում գտնվելու են տեղացիների հետ, նաև ավտոերթին են մասնակցելու:
--00--ԱԹ