ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում նշել է.
«Հարգելի՛ պարոն Մարուքյան,
Ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը, տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԷՆ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից:
Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապահ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը:
Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում:
Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ:
Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում:
Շնորհակալություն առաջարկների համար:
Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»:
--00--ԱԹ