ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 2 մլն դրամ բռնագանձել:
Հայցվորի ներկայացուցիչը՝ Հայկ Ալումյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում էր և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում, առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
«Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում այնպիսի տեղեկություն, որը եթե այդ պահին չտարածվեր՝ 1 ամիս հետո ակնառու երևալու էր, բայց այնուամենայնիվ անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- ասել է Ալումյանը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Աննա Դանիբեկյանը մարտի 10-ի նիստում հայտնել էր, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի:
Աղբյուրը նշում է նաև, որ դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է:
--00—ԼՄ