ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտաշատի Իսակով պայմանական թաղամասում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Այսօրվանից այստեղ 30-տնտեսություն խմելու ջուր ունի: Թաղամասում ավելի քան 20 տարի խմելու ջուր չի եղել, և մարդիկ ջուրը ձեռքով են բերել:
Այդ առիթով Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ այցելեցինք Իսակովի պայմանական թաղամաս, որտեղ բնակիչներն արդեն տոնական սեղան էին գցել:
Բնակիչների հետ զրույցում հիշեցրեցի, որ 2018 թվականին նրանց հետ մի քանի անգամ այս խնդրի հետ կապված հանդիպել ենք, և Արտաշատի քաղաքապետի հետ քննարկման արդյունքում որոշել ենք, որ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի կազմում ընդգրկելու ենք Իսակով պայմանական թաղամասի ջրամատակարարման ապահովման ծրագիրը:
Ջրամատակարարման ցանցը կառուցվել է Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով:
Բնակիչների հետ զրույցում խոստացա, որ այս թաղամասում փողոցների բարեկարգում և գազաֆիկացում նույնպես կլինի: Նշված տարածքում բազմաթիվ հողերի սեփականատերեր չեն ցանկացել տուն կառուցել հատկապես խմելու ջրի բացակայության պատճառով, սակայն, ջրի խնդիրն արդեն լուծված է և թաղամասում մինչև 500 տնտեսություն կարող է կառուցվել:
Խոստացա նաև, որ այս տարածքում կկառուցվի վերգետնյա հետիոտնային անցում, որն այս թաղամասի ամենալուրջ ու կարևոր խնդիրն է, որ պիտի լուծվի»:
--00--ԱԹ