ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, լինելով կորոնավիրուսային վարակակիր, կազմակերպել է դստեր նշանադրությունը։
«Աղջկաս նշանադրության օրը տեղյակ չեմ եղել, որ կորոնավիրուսով եմ վարակվել, բայց շատ զգուշավոր եմ եղել։ Նշանադրությունը եղել է իմ սեփական ռեստորանում։ Ընտանիքներով հավաքվել ենք՝ 30 հոգով, ու նշանդրեք ենք արել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ աղջկա նշանադրության արարողությունից մեկ օր հետո է կորոնավիրուսի թեստի պատասխանը ստացել, մինչ այդ էլ ախտանիշներ չի ունեցել։
«Ուրբաթ օրը նշանադրությունն է եղել, շաբաթ օրը թեստի պատասխանը ստացել եմ։ Մնացած տանեցիներին էլ երկուշաբթի օրը «գմփցրել եմ»»,-ասաց քաղաքապետն ու նշեց, որ տան անդամները նույնպես վարակվել են կորոնավիրուսով։
Ավետիսյանն ընդգծեց՝ ջերմություն ունեցել է միայն ուրբաթ օրը, սակայն արդեն նշանադրության օրը նշանակված է եղել և բարեկամները հավաքվել էին։
Նշենք, որ Մարտունու քաղաքապետարանն այժմ փակ է Արմեն Ավետիսյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ