Նորշենում ելքի և մուտքի սահմանափակումը դեռ ուժի մեջ է. Արցախի պարետն այցելել է համայնք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այցելել է Մարտունու շրջանի Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

«Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ ԱՀ պարետը ծանոթացել է համայնքում իրականացվող աշխատանքներին, քննարկել մի շարք կազմակերպչական և այլ բնույթի հարցեր:

Ժիրայր Միրզոյանը հետաքրքրվել է իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումներից, ապա այցելել բուժկետ՝ ծանոթանալու առկա հնարավորություններին՝ աշխատանքային պայմաններից մինչև դեղորայքային ապահովվածություն:

Պարետը հանդիպել է նաև բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Նորշեն կատարած շրջայցի վերջին կանգառը գյուղի տարածքում ոստիկանության կողմից տեղադրված անցակետերում էր, որտեղ պարետը ծանոթացել է տեղում կազմակերպվող գործընթացներին», - նշվում է հաղորդագրությունում:

  • --00—ԼՄ