ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Հրադադարը մեզ համար մարտահրավեր է և առաջնահերթություն: Հրադադարի վերահսկման մեխանիզմներից հրաժարվողը ոչ Հայաստանն է եղել, ոչ Արցախը, այնպես որ այդ մեղադրանքները չեմ կարող ընդունել»,- Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցների ընթացքում քննարկել է նաև հրադադարի վերահսկման մեխանիզմները:
«Իրավիճակի սրությունը հաշվի առնելով, ռազմագերիների ու պահվող անձանց փոխանակման, զոհվածների մարմինները վերադարձնելու հարցը հաշվի առնելով՝ կրակի դադարեցումը չի կարելի ձգձգել: Աշխատանքը տարվում է, ՌԴ-ն մասնակցում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԿԽՄԿ-ն այդ աշխատանքներում ներգրավված են ակտիվորեն»,- ասաց նա:
Անդրադառնալով այս հակամարտության կարգավորմանը ՌԴ հետագա մասնակցությանը վերաբերող հարցին՝ Լավրովը նշեց, որ Ռուսաստանն այդ հարցերով կզբաղվի ակտիվորեն՝ և իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, և իբրև Հայաստանի մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր:
ՌԴ ԱԳ նախարարը կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին գիշերային համատեղ քննարկումները, որ ավարտվեցին կարևոր փաստաթղթի համաձայնեցմամբ, իրենց ջանքերն իզուր չեն անցել, ու կարող են շատ մոտ ժամանակներս իրավիճակում բեկում մտցնել:
Դրանում, ըստ Լավրովի, հետաքրքրված են նաև կողմերը:
--00--ԱԹ