ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար օգտագործել։ Այս մասին գրել է ТАСС գործակալությունը։
«Չափազանց կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Կոչով դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասված է փաստաթղթում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ