ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:40-ի սահմաներում, «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող ավտմեքենան: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան:
Մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ և կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք և այլն:
Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին, և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես: Հանգամանքները ճշտվում են։
--00--ԱԹ