ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը:
«Իմ ունեցած տեղեկություններերի համաձայն կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը:
Վազգեն Ավետիսյանը նշեց, որ կալանավորված անձը բավականին փորձ ուներ խարդախություն կատարելու։ Նա նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ՝ նոյեմբերի 2-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:
--00--ԱՀ