ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ԼՂ հարցով ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա:
Կոնգրեսականը ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ հարցերի լուծման համար։
«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։
Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է Ֆրենկ Փալոնը և հավելել, որ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։
«Առանց դրա՝ նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»,-գրել է կոնգրեսականը։
--00—ԼՄ