ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Շիրակի նորանշանակ մարզպետին մարզի խնդիրները չեն ընկճում: Հունվարի 21-ից Շիրակի մարզի ղեկավարումը ստանձնած Հովհաննես Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց՝ մարզում առկա խնդիրներից չի հուսահատվում: «Իմ էությամբ այնպիսին եմ, որ եթե տեսնում եմ խնդիրներ, ավելի եմ լծվում ուժով ու եռանդով՝ այդ խնդիրները լուծելու համար»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ իրեն այդ հարցում կօգնի իր աշխատակազմն ու թիմը, որն արդեն գրեթե ձևավորված է: Հայտնի են հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձիք: «Այս պահի դրությամբ թափուր մնում է մեկ խորհրդականի պաշտոն, բայց առաջիկայում լրացվելու է»,- նշեց մարզպետը:
Փետրվարի 8-ին մարզպետը աշխատակազմին կներկայացնի նաև նորանշանակ փոխմարզպետին: «Երկուշաբթի փոխմարզպետին կներկայացնեմ աշխատակազմին, և համատեղ աշխատանքով կլծվենք գործի, որպեսզի ժամ առաջ կարողանանք ինչ-որ հարցեր կարգավորել»,- ասաց մարզպետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փետրվարի 4-ին Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Դավիթ Սեխլեյանը։ Շիրակի մարզի Փանիկ համայնքում ծնված Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։ Փոխմարզպետն ամուսնացած է, ունի 3 երեխա:
Նախորդ մարզպետի՝ Տիգրան Պետրոսյանի օրոք նշանակված մարզպետի մյուս տեղակալը՝ գնդապետ Պողոս Աբրահամյանը, ով կանոնակարգում է աշխարհազորի գործառույթները, կշարունակի պաշտոնավարել:
Մարզային կառույցում այլ փոփոխությունների հարցով մարզպետը վստահեցրեց՝ եթե լինեն, կլինեն հիմնավորված. կարևոր մոտիվացիան երկրի զարգացումն է. «Եթե այդ մոտիվացիան չի լինելու, ուրեմն մեր թիմում նման մարդու լինելը կդրվի հարցականի տակ»:
--00--ԱՀ