ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի կառավարման համապատասխան մարմինների միջև սերտ համագործակցության և պարբերական փոխշփումների անցկացման կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու հրատապ հասցեագրում պահանջող հարցերին և ուրվագծելու դրանց լուծման ուղիները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական հարթակի դերը:
«Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային կայունության հաստատմանը, Արցախում հումանիտար իրադրությանը և արցախահայության առջև ծառացած խնդիրների հասցեագրմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ զրուցակիցները խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից պաշտամունքի վայրերի և հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ու միտումնավոր ոչնչացման քաղաքականությունը:
Երկուստեք ընդգծվեց միջազգային հանրության միջամտության և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ