ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ:
Այս անգամ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցների հետ, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում:
Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին:
Հարկ է նշել, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացը բավականին ակտիվացել է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:
Հաջորդիվ նախարարի այցեր են կազմակերպվելու նաև մարզային այլ պոլիկլինիկաներ՝ տեղեկացնում են նախարարությունից:
--00--ԱԹ