ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման նպատակով և կնպաստի հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելուն:
Զրուցակիցները քննարկել են հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վրա՝ ակնկալելով միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքը։
Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
--00--ԱՀ