ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր իր երկրորդ ծննդյան օրն է։ Նա պատմել է, թե ինչպես է իր նկատմամբ մահափորձ իրականացվել Բաքվի բանտում՝ սեպտեմբերի 10, լույս 11-ի գիշերը՝ իր մայրիկի ծննդյան օրը։
Բլոգերին ադրբեջանական իշխանությունները 7 ամիս շարունակ Բաքվի բանտում էին պահում Արցախ այցելելու համար։
« «Իլհամաստանում» ընդունված է ծնողների ծննդյան օրը որևէ հանցագործություն պլանավորել ու իրականացնել։ Հոր ծննդյան օրը սպանել որդուն, զավակին ողջ-ողջ այրել մոր ծննդյան օրը։ Այս ամենի մասին ես գիտեի, այնուհանդերձ ենթադրում էի, որ իմ անվան շուրջ սկանդալը միջազգային մակարդակի է և հույս ունեի, որ նրանք չեն համարձակվի», - գրել է բլոգերը։
Նա մանրամասնել է՝ մահափորձը տեղի է ունեցել. 4 դիմակավորված անձ կեսգիշերին ներխուժել է մենախուց, որտեղ պահվում էր Լապշինը և դաժան ծեծի ենթարկել նրան։ Լապշինն ուշքի է եկել 3 օր անց։
«Այդ ժամանակ ես չգիտեի, որ երբ կոմայի մեջ պառկած եմ եղել հիվանդանոցում, Իլհամ Ալիևը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Լապշինն ինքնասպանության փորձ է արել, իսկ մեր բանտապահները փրկել են նրան», - գրել է բլոգերը։
Նա հրաշք է համարել, որ ողջ է մնացել և այժմ գրում է այս տողերը։