ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, և՛ ԱԺ նիստերի ընթացքում, և՛ տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Սյունիքի ապօրինաբար կալանավորված համայնքապետեր Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց և դադարեցնել նրանց նկատմամբ անընդունելի հետապնդումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը:
«Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ
չնայած նրանց դեմ իրականացված և հետևողականորեն իրականացվող կեղծ հակաքարոզչությանը՝ Առուշ Առուշանյանը տպավորիչ հաղթանակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում՝ ևս մեկ անգամ ընտրվելով որպես Գորիսի քաղաքապետ, իսկ Արթուր Սարգսյանը օրերս ազատ արձակվեց:
Սակայն մեր մյուս գործընկերները՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը դեռևս կալանավորված են: Եվ մենք շարունակելու ենք պայքարել նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով՝ պահանջելով ազատ արձակել նրանց»,- գրել է նա:
--00--ԱԹ