ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
2021 թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է ՔԿ-ն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է երկփողանի որսորդական հրացան՝ վնասված վիճակում: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել է բժշկական կենտրոն տեղափոխված անձը, ով հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքն է եղել հիշյալ ավտոմեքենայի ղեկին:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնլով, որ վթարված մեքենայի ուղևորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահներն են եղել։ Նրանք գիշերային շրջայցի էին։
--00—ԼՄ