ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24 News
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ընթացքում, ամփոփում էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։ Infocom-ը ներկայացնում ենք «Անկախ դիտորդ»-ի հայտնաբերած խախտումները։
- Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկները ընտրողի կողմից դուրս բերելու դեպք։
- Աշտարակում արձանագրվել է դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական․ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում։
- Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան տեղամասերի ընտրողների ցանկն է։
- Աշտարակում գրանցվել է դեպք, երբ ՀՅԴ-ի մեկից ավելի վստահված անձ միաժամանակ գտնվել է ընտրատեղամասում, Աշտարակում «Քաղաքացիական պայմանագրի» մեկից ավելի վստահված անձ է միաժամանակ գտնվել տեղամասում, Մեծամորում՝ «Զարթոնք» կուսակցության, Փամբակում՝ «Բարգավաճ Հայաստանի»։ Իոաննիսյանի խոսքով՝ վերջին դեպքը տարածքային ընտրական հանձնաժողովի բացթողման արդյունք է, որովհետև տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերին հայտնել էր, որ դա թույլատրված է։
- Աշոցքում, Արտաշատում, Դվինում, Նոր Հաճնում, Վայքում, Վանաձորում քարոզչական պաստառներ են եղել արգելված տեղերում, գրություն է ուղարկվել համայնքապետերին։
Խախտումներ են արձանագրել նաև «Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները․
- Փարաքարում արձանագրվել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության տարբերանշանով մեքենան կանգնած է հենց տեղամասի մոտ։
- Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում՝ Եղվարդ քաղաքում, արձանագրվել է ՔՊ-ի միաժամանակ երկու վստահված անձի՝ տեղամասում գտնվելու դեպք։
- Արտաշատում արձանագրվել է դեպք, երբ ոստիկանները տեղամասում շատ ելումուտ անեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։
- Եղվարդի մեկ այլ տեղամասում արձանագրվել է դեպք, որ ՔՊ-ի երեք վստահված անձ միաժամանակ գտնվեն ընտրական տեղամասում։
- «Ախուրյան» դաշինքի վստահված անձը բերել է ընտրողներին ընտրատեղամաս և ուղղորդել նրանց։
- Արտաշատում միաժամանակ տեղամասում գտնվել են «Օրենք և արդարություն» կուսակցության երկու վստահված անձ, Թալինում՝ ՔՊ-ի երկու վստահված անձ։
- Արմավիրի Բաղրամյան համայնքում նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին օգնել են առանց գրանցամատյանում գրանցելու։
- Սարամեջ գյուղում արձանագրվել են «Հայրենիք» կուսակցության պաստառներ, բայց դրանք շատ արագ հեռացվել են։
- Մարտունիում միաժամանակ գտնվել են «Ալաշկերտ» կուսակցության թեկնածուներ, տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։
--00--ԱԹ