ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24 News
ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները, տեսանյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ խորհրդարանում երեքշաբթի կեսօրից հետո ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ՔՊ-ական մի քանի պատգամավորների և ՀՅԴ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ 24News-ի տեղեկությունների, սկսել է ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի և ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի միջև ծագած միջադեպից։
Ըստ մեր աղբյուրների, Հակոբյանն ու Վարդանյանը իրար հանդիպել են միջանցքում, որից հետո Նիկոլ Փաշինյանի աներորդին ասել է «Հը՞ն, արա՛»՝ հավելելով, թե դաշնակցականն իրեն «թարս է նայել»։ Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից երկու ժամ անց Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը ՀՅԴ-ականներին կանչել է աշխատասենյակ՝ պարզաբանումներ ստանալու։
Ռուբինյանի սենյակում եղել են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մաթևոս Ասատրյանը և այլոք, ծեծկռտուք է սկսել: Ըստ ականատեսների, նրանք քսան հոգով հարձակվել են երիտասարդների վրա։
--00—ՄՀ