ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
«Ղազախստան զինվորականներ ուղարկելու որոշումը ճիշտ եմ համարում․ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ, նրանց շնորհիվ Արցախի բնակչության գոնե մեկ հատվածը կարողանում է իր հողում ապրել, նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանից և Թուրքիայից հարձակում չի եղել Սյունիքի վրա և չեն գրավել, պայմանավորված է ՀԱՊԿ-ի պայմանագրով և Իրանի ջանքերով, եթե դա չլիներ, ապա Արցախում մեկ հայ չէր բնակվի»,- այս մասին 24 News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե ցավում է Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների համար և մտահոգիչ է, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած ՀԱՊԿ-ից, քաղաքագետը նկատեց, որ Թուրքիան շփոթության մեջ է և չգիտի ինչ հայտարարի, իսկ որևէ բան չհայտարարել չէր կարող և դա նվազագույնն է ինչ արել է:
«Թուրքիայում շատ մտահոգված են, որ ՀԱՊԿ-ի զորքերը մուտք են գործել Ղազախստան, իսկ Ղազախստանը, նաև Ուզբեկստանը Միջին Ասիայի կարևորագույն երկրներից մեկն է և թուրքական աշխարհի գաղափարի առաջատարը, որը Նազարբաևի կլանն էր առաջ տանում: Արագացված կերպով ՀԱՊԿ զորքերի մուտք գործելը նրանց մոտ խնդիրներ և հարցադրումներ է առաջացրել, որ թուրքական պետությունների միությունը չի կարողացել նման կառույցներ ստեղծել և պայմանագրեր կնքել, որպեսզի այս դեպքերում թուրքական զորքը մտնի Ղազախստան, ըստ էության՝ Միջին Ասիա: Թուրքիան շատ անհարմար վիճակի մեջ է և հարցեր են առաջացել, թե ո՞րն է լինելու թուրքական պետությունների միության ապագան: Իրենք ասում են, որ Ղազախստանը ռուսների կողմից օկուպացված է և չինական աջակցություն կա, որովհետև Չինաստանը աջակցել է Ղազախստանին և մինչև դա էլ՝ Բելառուսին ինֆորմացոն և IT դաշտում համապատասխան օգնություն ցուցաբերելով և լռեցնելով հեղափոխություն կոչվածին աջակցողների հնարավորությունները»,- ընդգծեց Դանիելյանը:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե Ղազախստան զորք ուղարկելը կարող է վատ անդրադառնալ արևմուտքի հետ մեր հարաբերությունների վրա, քաղաքագետը նշեց, որ դա շատ միամիտ տեսակետ է, հարց է՝ իրականում ԱՄՆ-ն, ոչ հրապարակային, բայց աջակցում է ՌԴ-ի այդ քայլին, թե՝ ոչ.
«Բրիտանիան ունի մեծ ներդրումներ և տնտեսական շահեր Ղազախստանում և իրենց համար կարևոր է՝ իրենց տնտեսական շահերը ինչ -որ ձևով ապահովեն և հարց է, թե իրենց որն է ձեռնտու՝ Ղազախստանում ռուսական ազդեցության մեծանալը՞, թե՞ չինական ազդեցության գոտի ընկնելը, կան տեսակետներ, որ նրանց համար ձեռնտու է ռուսական տարբերակը»:
Անդրադառնալով նաև հայ թուրքական երկխոսությանը և սպասելիքներին, Ստեփան Դանիելյանը նշեց, որ այս երկխոսությունից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ.
«Թուրքիան հայտարարում է, որ երկխոսությունը համապատասխանելու է Ադրբեջանի շահերին և երկխոսելու են այն թեմաներով և այնպիսի որոշումներն են ընդունելու, որի հետ համաձայն է Ադրբեջանը: Ըստ էութան՝ հայ- թուրքական երկխոսությունը, դա հայ ադբեջանական երկխոսության մի հատվածն է, չեմ կարծում, որ այդ երկխոսությունից Հայաստանը առանձնապես մեծ շահեր կունենա»:
Հերմինե Միքայելյան
--00—ՄՀ