ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման փաստին:
«Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել է խափանման միջոց կալանավորման առարկան, ու կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում՝ առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել»,-գրել է Արա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
--00--ՍԳ