Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է 1 անձ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

bde9abe5-9747-49ce-948f-eb576dd2f0c3.jpg

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:



Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։



Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։



--00—ԶՀ