ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Գյումրիի մարզական համայնքը դեկտեմբերի 27-ին ամփոփելով մարզական տարին՝ ընտրեց մարզիկների լավագույն տասնյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լավագույն մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ ու պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ:
Ընտրության արդյունքում մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ): Այս տարիքային խմբում երկրորդը Հովհաննես Բաչկովն է (բռնցքամարտ), իսկ եռյակը եզրափակում է Վարազդատ Լալայանը (ծանրամարտ):
Երիտասարդների տարիքային խմբում լավագույնը Գարիկ Կարապետյանն է (ծանրամարտ), երկրորդը՝ Գոռ Խաչատրյանը (գնդակային հրաձգություն), երրորդը՝ Գառնիկ Չոլակյանը (ծանրամարտ):
Լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Ռոբերտ Սիմոնյանը (սամբո), Երկրորդ տեղում Ալեքսանդրա Գրիգորյանն է (ծանրամարտ) և եռյակն ամփոփում է Էմմա Պողոսյանը (ծանրամարտ):
Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը հպարտությամբ նշեց գյումրեցի մարզիկների այս տարվա հաջողությունների մասին:
«Քաղաքի բոլոր մարզական կառույցները լուրջ աշխատանք են կատարվել՝ լուրջ արդյունքներ ենք գրանցել: Ուրախ եմ, որ մարզիկների ցուցակը մեծ է՝ ընտրություն անելու հնարավորություն կա»,- նշեց Մեխակ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի Հանրապետության 10 լավագույն մարզիկներից 4-ը ևս գյումրեցիներ են:
Տարվա ընթացքում գյումրեցի մարզիկների կողմից նվաճվել է 61 մեդալ, որից 28-ը՝ ոսկի, 14-ն՝ արծաթ, 19-ը՝ բրոնզ է:
--00—ՅՄ