ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՖՖ գրասենյակում սկսվել է ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է:
Ժողովի սկզբում ելույթ ունեցավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ժողովը հրավիրվել է ՀՖՖ ու ՀՀ օրենքի համապատասխան: Ժողովին ներկա է ՈւԵՖԱ-ի պատվիրակ Ջիանի Ֆանկան»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Ժողովից առաջ Արմեն Մելիքբեկյանի առաջարկությամբ հաստատվեց ժողովի օրակարգը:
«Մինչև ուղերձի բուն հատվածին անցնելը ցանկանում եմ խոսել Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության մասին: Շատերի կարծիքով դա ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ, բայց ամենակարևորն այն է, որ պետք է հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Մենք հարցազրույցների ընթացքում ենք փորձում հասկանալ՝ արդյոք նրանք գիտակցու՞մ են ընտրական փուլի կարևորությունը մեզ համար: Կան բազմաթիվ դետալներ, որոնք կարևորում ենք: Նախընտրում ենք ընտրությունը կատարել մի փոքր ավելի ուշ, բայց վստահ ենք, որ ընտրությունը ավելի ճիշտ կլինի: Մենք ուզում ենք, որ նոր մարզիչը հասկանա պահի կարևորությունն ու ընդհանուր առմամբ պատկերացնի հայկական ֆուտբոլի զարգացումը:
Այսօր ընտրվելիք գործկոմը հենց առաջին իսկ նիստում կքննարկի այս հարցն ու որոշում կկայացնի, իսկ մենք մարզչին կնշանակենք արդեն հունվարին»,-ասաց Մելիքբեկյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել:
--00—ԶՀ