ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Սույն թվականի փետրվարի 23–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Դամասկոս և Հալեպ՝ Սիրիայի հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Մասնավորապես, «Հայաստան» հիմնադրամը Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով 140,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Սիրիայում գործող հայկական կրթօջախներին:
Ֆինանսական աջակցությունը կուղղվի այդ կրթօջախների ուսուցիչներին և տեխնիկական անձնակազմին (26 կրթօջախ, 1163 անձ), ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուժած երեք հայկական ուսումնական հաստատություններին («Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը) վերականգնմանը:
Նշենք, որ Սիրիայի հայ համայնքին նվիրաբերված 140.000 ԱՄՆ դոլարը հավաքագրվել է «Հայաստան» հիմնադրամի «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի, «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ»-ի և Գերմանիայի տեղական մարմնի կողմից:
«Հայաստան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ամուր կանգնած է արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայ համայնքների կողքին:
--00—ԼՄ