ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Հունիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության դեպք են բացահայտել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Այդ օրը, ժամը 19։30-ի սահմաններում Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մոտ 1,5 ժամ առաջ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի տներից մեկի բակում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 41-ամյա Արտակ Ա․-ն փորձել է սպանել իր՝ Երևանում բնակվող 58-ամյա հորեղբորը՝ Պանտելեյ Ա․-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով 1 ժամվա ընթացքում Ավան վարչական շրջանում հայտնաբերել են Արտակ Ա․-ին և տեղափոխել Ոստիկանության Ավանի բաժանմունք։
Անձնական զննությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է պտուտակահան։ Եվ կան կասկածներ, որ դրանով է նա հարվածներ հասցրել իր հորեղբոր գլխին, կրծքավանդակին և ձախ թևատակին։
Արդեն հանցագործության վայրում Պանտելեյ Ա․-ի հարազատը հայտնել է, որ մինչև պտուտակահանով հարվածներ ստանալը, վիրավորը Արտակ Ա-ի կողմից ծեծի է ենթարկվել։
Դեպքի փաստով Ոստիկանության Ավանի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նշված բաժին է ներկայացվել նաև Արտակ Ա․-ն։
--00—ԱՊ