Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

1116769

Հայաստանն օգոստոսի 4-ի դրությամբ գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դրա հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում։

«Այս օրերին հյուսիս արևմուտքից առկա է նաև սառը օդի ներթափանցում մեր երկիր։ Օգոստոսի 3-ի համեմատ, օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով։ Եթե երեկ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, ապա այսօր Երևանում, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 32 աստիճանը։ Զով եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օգոստոսի 6-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Օգոստոսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Հանրապետության ամենատաք հատվածներում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը 38-ից բարձր չի կանխատեսվում։ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 1 աստիճան բարձր։ Նա ընդգծեց, որ օգոստոսին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ