ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Սակայն այս տեղեկությունը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից:
24News-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ-ի պատգամավորներից մի քանիսի հետ, որոնք նշեցին, որ Արցախի նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությունից են դուրս եկել և այս պահին այդ թեմայով որևէ տեղեկություն չունեն, իսկ այնտեղ էլ հեռախոսակապը լավ չի գործում` օպերատիվ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունեն:
«Ադրբեջանական բեռ միանշանակ Ակնայի ճանապարհով չի անցնելու, և մեր ժողովուրդը չի ընդունելու, դա Ասկերանի որոշ ակտիվիստների հետ ունեցած մեր խոսակցությունից եմ հայտնում, և դա ոչ միայն իրենց դիրքորոշումն է, այլև՝ մեր»,- 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Նկատենք, նաև, որ ըստ ադրբեջանական աղբյուրների, հումանիտար բեռը չի էլ մոտեցել Աղդամին (Ակնա), կանգնած է Բարդայում:
Ադրբեջանական կողմն, ըստ ամենայնի, խախտում է բոլոր պայմանավորվածություններն ու հրաժարվում բացել Լաչինի միջանցքը հումանիտար բեռներ անցկացնելու համար:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ