ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը այցով կժամանի Թուրքիա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի գործընկերոջը կփոխանցի Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ Անկարայի առաջարկները, հայտնում է Star թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Էրդողանի առաջին հյուրն այս տարի կլինի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Ակնկալվում է, որ Իրանի ղեկավարը վաղը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Հանդիպման ընթացքում Էրդողանն ու Ռաիսին կքննարկեն Գազայի վրա Իսրայելի հարձակումները և երկկողմ հարաբերությունները»,- հաղորդում է հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ նախ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն դեմ առ դեմ։ Դրան կհաջորդի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։
«Այս հանդիպմանը բոլոր առումներով կգնահատվեն այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել՝ բարելավելու գոյություն ունեցող հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը և պաշտպանական արդյունաբերությունը։ Կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր»,-գրում է թերթը։
«Էրդողանի և Ռաիսիի հանդիպման օրակարգի առաջնահերթ կետերից մեկը կլինի Իսրայելի հարձակումները Գազայի վրա»,- գրում է թերթը։
«Առաջնորդները կքննարկեն, թե ինչ կարելի է անել տարածաշրջանում հումանիտար ճգնաժամին վերջ տալու և մշտական հրադադարի հասնելու համար: Նախագահ Էրդողանը իրանցի գործընկերոջը կփոխանցի խնդրի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները»,-ասվում է հայտարարության մեջ:
--00—ՅՄ