Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

թբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:

Օրակարգի շրջանակում կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր: Երևան քաղաքի ճանապարհաշինական ծրագրի շրջանակում ներկայացվել են «Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի կառուցում» և «Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցում» նախագծերը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամուրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է, որը M4 մայրուղին միացնում է հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին և հավելել, որ ևս մի կամուրջ է կառուցվում Հրազդան գետի վրայով, որը Արաբկիր վարչական շրջանից ավտոտրանսպորտի բեռնաթափման տեսանկյունից էական ազդեցություն է ունենալու:

Քաղաքապետը, ներկայացնելով երկրորդ նախագիծը, ընդգծել է, որ արդյունքում էականորեն կնվազի Աճառյան-Մյասնիկյան փողոցներով բեռնափոխադրումը և հավելել, որ այս ծրագիրը նույնպես դրական ազդեցություն է ունենալու Երևանում ավտոմեքենաների խցանումների տեսանկյունից: «Վստահաբար, այս երկու ծրագրերը պետք է իրականացվեն նաև Կառավարության աջակցությամբ: Խոշոր ծրագրեր են, և այս ծրագրերն էական ազդեցություն են ունենալու ոչ միայն բուն Երևան քաղաքում, երևանցիների համար, այլ նաև բեռնափոխադրողների համար, որոնք ունենալու են հնարավորություն՝ շրջանցել Երևան քաղաքը»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Նախագծերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին փուլով իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի արդյունքներով հնարավոր կլինի նախագծերն իրականացնել:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Թբիլիսյան-Միկոյան ճանապարհահատվածի և կամրջի կառուցումը կտևի մոտավորապես 4-5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան փողոցները միացնող ճանապարհը մի փոքր ավելի քիչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել:

--00—ԼՀ