Տիգրան Սարգսյանի համակարգմամբ գործող Bee-online.ru թվային նախագիծը դարձել է նոր մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

2

Bee-online.ru միջազգային թվային հարթակի զարգացման նախագիծը, որը դրամաշնորհ է ստացել EDB Digital Initiatives Fund-ից (FDI, Fund), դարձել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի ամենամյա մրցանակի դափնեկիր ADFIAP Sustainable Awards «Առևտրի զարգացման» անվանակարգում: Այս մասին հաղորդում է Եվրասիական զարգացման բանկի պաշտոնական կայքը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կամբոջայի Պնոմպեն քաղաքում ADFIAP-ի 47-րդ տարեկան ժողովի շրջանակներում:

Bee-online.ru-ն նախատեսված է թեթև արդյունաբերության և նորաձևության արդյունաբերության շուկայի մասնակիցների համար՝ օգտատերերին առաջարկելով իրենց բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու գործիքներ:

Պլատֆորմն ուղղված է նորաձևության ոլորտի համար մասնագիտացված ծառայությունների մատուցմանը արտադրության, առևտրի, դիզայնի, լոգիստիկայի, մասնագիտական ​​կրթության, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների, նյութերի, աքսեսուարների, սարքավորումների մատակարարումների ոլորտներում:

5

«Մեծ ուրախությամբ ընդունեցինք այն լուրը, որ Bee-online.ru նախագիծը շահել է ADFIAP ամենամյա մրցանակը: Մեզ համար կարևոր է ԵԱԶԲ-ի, ներառյալ՝ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի աշխատանքի ճանաչումը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան զարգացման հաստատությունների ասոցիացիայի կողմից: 

Հաճելի է նաև նշել, որ եթե 2022 թվականին մենք մրցանակ ստացանք «Ճանապարհորդություն առանց COVID-19»-ի հակաճգնաժամային ծրագրի համար, ապա այս տարի ճանաչվեցին մեր ձեռքբերումները Եվրասիական տարածաշրջանում առևտրի և համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրին աջակցելու հարցում։», - Bee-online.ru-ի հաղթանակը մեկնաբանել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Bee-online.ru-ն Թվային նախաձեռնությունների հիմնադրամի երկրորդ նախագիծն է, որը ճանաչվել է ADFIAP ամենամյա մրցանակաբաշխության հաղթող։ 2022 թվականին «Ճամփորդություն առանց COVID-19» բջջային հավելվածը՝ հիմնադրամի առաջատար նախագիծը, համաճարակի հետևանքների հաղթահարման գործում իր բարձր որակի և կարևոր դերի համար մրցանակ ստացավ ADFIAP Sustainable Awards «Տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։

 

Նշենք նաև, որ ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսին։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել ԵԱԶԲ անդամ երկրների թվային փոխակերպման գործիքների և պրակտիկայի ձևավորմանը, այդ թվում՝ տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման և նախագծերի մշակման ու ֆինանսավորմանը մասնակցելու միջոցով: Հիմնադրամի առաջատար նախագիծը դարձել է «Ճամփորդություն առանց COVID-19» հավելվածը, որը հաջողությամբ կիրառվում է ԱՊՀ 9 երկրներում։

 

ԵԱԶԲ-ն բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում Եվրասիական տարածաշրջանում։ Ավելի քան 18 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանը, ընդլայնմանը և իր անդամ երկրների համակողմանի զարգացմանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

 

--00—ԱՊ