Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

մեխ

Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը զբոսաշրջային առումով ավելի գովազդված է մեր հանրապետությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացված հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովի ժամանակ այդ մասին լրագրողներին հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա դիտարկմամբ՝ հարևան ժողովուրդներն այսօր առանձնապես ծանոթ չեն միմյանց պատմությանն ու մշակույթին, ինչն, իր հերթին, սահմանափակում է փոխադարձ զբոսաշրջային այցելությունները: Այնուհանդերձ, ըստ Մեխակ Ապրեսյանի, Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային այցելությունների պատկերը բավականին տպավորիչ է. 2023 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շուրջ 14 տոկոսը եղել են Վրաստանի քաղաքացիներ: Դա երկրորդ ցուցանիշն է վիճակագրության ընդհանուր պատկերում:

«Որքան էլ տարօրինակ է՝ այնքան էլ շատ տեղեկություն չունենք միմյանց մասին: Այդ առումով շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շատ գովազդենք Վրաստանում: Մինչդեռ, Հայաստանում Վրաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առաջարկներն ավելի լավ են ներկայացված: Ըստ այդմ, Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան: Տուրիզմը միայն տնտեսական նշանակություն չունի, մեծ է նաև այդ ոլորտի սոցիալական և մշակութային դերը: Դա միջմշակութային երկխոսության հարց է, որը շատ կարևոր է: Դա մեծ նպաստ կբերի երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

--00—ԼՀ