Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

ա

Կարևորելով Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հոգատար օգտագործումն ու հանրահռչակումը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազնի պատասխանատուների, ոլորտային մասնագետների հետ հաճախ է լինում տարածքներում, հետևում իրականացված աշխատանքներին, ծանոթանում խնդիրներին, քննարկում դրանց լուծման հնարավոր տարբերակներ։

Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում։

Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին: 

Նշենք, որ նորոգվել է Վահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող ավտոճանապարհը, բարեկարգվել է համալիրի տարածքը։ Մարմաշենը Շիրակի մարզի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ մոտ 664 միլիոն դրամ արժողությամբ։

Շիրակի մարզպետն այնուհետև այցելել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։ Մարզպետը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հաջորդ կանգառը պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկում՝ Երերույքի տաճարում է եղել։

«Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու հանրահռչակումը, արժևորումը և գալիք սերունդներին անխաթար փոխանցումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, դրա համար պետք է մեկտեղվեն մեր բոլորի ջանքերը, ինձ համար ուրախալի է, որ վաղը Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» փառատոնի մասնակիցները, հյուրերը կայցելեն նաև մարզի տեսարժան վայրեր, ինչը ևս մեկ քայլ է դրանց հանրահռչակման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։

Այնուհետև Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ եղել է Հառիճավանքում։ Հայկական ճարտարապետական յուրօրինակ նմուշ համարվող Հառիճավանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ 

Հավելենք, որ բոլոր տեղերում Մուշեղ Մուրադյանի դիտակետում են եղել կառույցների ներկայանալի լինելը, տարածքների մաքրությունը՝ մարզ այցելող զբոսաշրջիկների լիարժեք հանգիստը ապահովելու նպատակով։

--00—ԼՀ