Համայնքային ոստիկանություն ընդունվելու կարգն ու նոր ստորաբաժանման գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Առաջին ալիքի «Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարության կազմում նոր ստորաբաժանման՝ Համայնքային ոստիկանության ձևավորմանը, ինչն իրավապահ համակարգ նոր մշակույթ կբերի։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել են նոր կառույցի հիմնական առանձնահատկությունները:

• Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:

• Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գործարկմամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը և մարզային վարչությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, և խառը կառավարման մոդելից անցում կկատարվի լիարժեք ուղղաձիգ կառավարման, ինչը ենթադրում է առավել մասնագիտացված և արդյունավետ գործընթաց։

• Համայնքային ոստիկանը պետք է լինի բազմաֆունկցիոնալ․ բոլոր ուղղություններով իրականացվելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու և այլ գործառույթներ։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ծառայությունը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։ «Ամբողջովին կթվայնացվի համայնքային ոստիկանի աշխատանքը, կլինեն դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան տվյալներն անմիջապես մուտքագրել համակարգ և, ըստ այդմ, ժամանակ չկորցնել՝ պարտադրված վերադառնալով աշխատավայր»,-մանրամասնել է Արփինե Սարգսյանը։

Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը նշել է՝ ընդունելությունից հետո դիմորդներն անցնելու են հատուկ վերապատրաստում։ Նաև վստահեցրել է, որ բարեփոխման արդյունքում հասարակության հետ սերտ կապը և ինտեգրումն առավել արդյունավետ կլնի։

Նոր համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար ընդունելությունը կավարտվի հոկտեմբերի 1-ին։

--00—ՅՄ