ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Իսրայելի իշխանությունները ծրագրում են լայնածավալ ցամաքային գործողություն Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրների։
Հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ Պաղեստինի անկլավի զգալի մասի գրավումն ու պահպանումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ ամերիկյան նոր վարչակազմի հարձակողական գործողությունների աջակցությամբ և Լիբանանում շիական Հըզբոլլահ կազմակերպության թուլացման շնորհիվ իսրայելական բանակը բավականաչափ հնարավորություններ ունի նման ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու համար Իսրայելը պետք է ամբողջությամբ ոչնչացնի ստորգետնյա թունելների համակարգը և շարժման այլ ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տևել մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ։
Նեթանյահուի նոր ռազմավարության հակառակորդները կարծում են, որ առանց հակամարտության քաղաքական կարգավորման ուղղակի անհնար կլինի վերացնել արմատական կազմակերպությունը։
--00—ՅՄ