ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Գազայի հատվածի վրա իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսման յոթերորդ օրը Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի ռմբակոծության պատճառով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Բարհումին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների վրա շարունակվող ռմբակոծությունների հետևանքով մարտի 24-ի լուսաբացին զոհերի թիվը հասել է 16-ի։
ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով․ «Մենք դատապարտում ենք հիվանդանոցի ռմբակոծումը, որն իսրայելական ռազմական հանցագործությունների վտանգավոր սրացման և միջազգային օրենքների ու նորմերի խախտման դրսևորում է»։
Մարտի 23-ին Իսրայելի կողմից տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 53-ի։
The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մտադիր է լայնածավալ ցամաքային հարձակում սկսել Գազայի հատվածում։ Պարբերականը պարզաբանել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նոր թիմի անդամները կարծում են, որ Գազայի որոշ հատվածների վերահսկումը վերջապես թույլ կտա իրենց հաղթել Իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ):
Իսրայելական ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել նաև Հորդանան գետի Արևմտյան ափի՝ Ջենինից հարավ գտնվող Սիլաթ ալ-Հարիթիյա, Կալկիլիա, Կատնա քաղաքների ուղղությամբ։
Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 50 021-ի, իսկ վիրավորներինը՝ 113 274-ի։
Իսրայելը պաղեստինյան անկլավի վրա հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։
--00—ՅՄ