Ինչու ատոմակայանն անջատվեց մեկ օրով, կամ «կայծակնային» սթրես․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

դ.j

«Հրապարակ» թերթը գրում է․

«Oգոստոսի 30-ի երեկոյան՝ 22։00-ի սահմաններում, Երեւանի տարբեր շրջաններում, նաեւ՝ մարզերում, հերթական հոսանքազրկումները տեղի ունեցան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ավելի ուշ հաղորդեց, որ դրանք վթարային անջատումներ էին, որոնց պատճառը Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն էր։  

«Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»,- հաղորդեցին «ցանցերը»։

Իսկ տարածքային կառավարման նախարարությունը մեկ օր անց հաղորդեց, որ ատոմակայանի կանգի պատճառը կայծակի հարվածն է եղել, որի հետեւանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի. «Անվտանգության համակարգերը գերզգայուն են եւ արձագանքում են ցանկացած իրավիճակի․․․ Սա եւս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ եւ տվել են ակնկալվող արդյունքը»։

«Հրապարակը» միջադեպի կապակցությամբ հարցեր ուղղեց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ով հաստատեց՝ այո, եղել է խնդիր, ատոմակայանն անջատվել է եւ հաջորդ օրը՝ 14։05-ին, կրկին ցանց է մտել։

- Ատոմակայանը դուրս է եկել էներգահամակարգից։ Ի՞նչ է սա նշանակում, եւ որքանո՞վ կարող ենք հանգիստ լինել վերջինիս անվտանգության համար։

- Ատոմակայանն իրավունք ունի վթարային անջատումներ իրականացնելու։ Ատոմակայանը տեխնոլոգիական բարդ գործընթացներով եւ բարդ սարքավորումներով օժտված նուրբ օրգանիզմ է, միջուկային ռեակտորի հետ գործ ունենք, որը զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ, եւ մենք, ելնելով անվտանգային նկատառումներից, չենք կարող թողնել, որ այն սթրեսային իրավիճակներում աշխատի։ Մենք անջատում ենք, մինչեւ որ սթրեսային իրավիճակից դուրս գանք, հետո նորից աշխատեցնում ենք։ Սա` մեկ։ Երկրորդ․ մեր խնդիրն ընդամենը եղել է մեկ օր, նույնիսկ 1 օր էլ չի տեւել։ 21։55-ին ցանցից դուրս ենք եկել, 14։05-ին ցանց ենք մտել»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԼՀ