Փարիզում 4000 ոստիկան է տեղակայվում Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

մմ.j

Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար կտեղակայվի 4000 ոստիկան և մարզադաշտի 1600 աշխատող՝ ապահովելու անվտանգությունը մարզադաշտում և հանրային տրանսպորտում։ Պատճառն անցյալ շաբաթ Ամստերդամում Պաղեստինի կողմնակիցների կողմից իսրայելցի երկրպագուների վրա հարձակումներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ֆրանսիան և Իսրայելը նոյեմբերի 14-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղը, որին, ըստ Ելիսեյան պալատի, ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

2500 ոստիկան կտեղակայվի Փարիզի հյուսիսում գտնվող Ստադ դը Ֆրանս մարզադաշտի շուրջը, իսկ 1500-ը՝ Փարիզում և հանրային տրանսպորտում։ 

Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ խաղին պատրաստվելիս ֆրանսիացի կազմակերպիչները կապ են պահպանում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։ 

Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել: 

The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։   

Ամստերդամում նոյեմբերի 10-ին, չնայած ցույցերի արգելքին, չարտոնված ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել է շուրջ 100 մարդ։ 

--00—ԼՀ