ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Փաշինյանի ամբողջ ելույթի տեքստից ակնհայտ է, թե ում մասին է խոսքը, հղում է արվում կոնկրետ ելույթի կոնկրետ հատվածին, երբ Բագրատ Սրբազանը դիմում է ոստիկաններին, ցանկացող լսողի մոտ ողջամիտ պատկեր է ձևավորվել, թե ում մասին է խոսքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ այս պահին Բագրատ Սրբազանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստ է ընթանում։
Հիշեցնենք, որ Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես:
Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչեւ վերջ»:
Նա պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։
Խուդոյանի խոսքով հիմնավորման խնդիր չի լինելու․ «Նիկոլ Փաշինյանի համար պետք է շատ հստակ լինի, որ ոստիկանների դեմ քարերով ելնելը հակաիրավական գործողություն է, որովհետև ինքը դրա համար մեկ անգամ արդեն քրեական հետապնդման ենթարկվել է, դա իրավական հետևանք կարող է ունենալ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ