Մեծ տհաճություն էր «Մարտի 1-ին» եղածը, մեկ ամիս էր մնում, որ ավարտվեր իմ ժամկետը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Մեծ տհաճություն էր Մարտի 1-ին եղածը, մեկ ամիս էր մնում, որ ավարտվեր իմ ժամկետը։ Մարտի 1-ին վիրավոր ոստիկանների քանակը կրկնակի և եռակի ավել էր, քան ցուցարարներինը։ Ես այցելել եմ հոսպիտալ և տեսել եմ, թե ինչ կարգի վիրավորումներ են ստացել ոստիկանները՝ գրեթե բոլորը բեկորային ու այրվածքներ, մոտ 200 հոգի։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այդ օրվա հետ կապված տհաճության մասին հարցը պետք է ուղղել նաև նրանց, որոնք այդ բախումները հրահրել են։

Նշենք, որ այսօր նոր մեղադրանք ներկայացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Համապատասխան միջնորդությունը ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ