ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին ժամը 22-ի սահմաններում Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ:
Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է բերել Վարդենիսից վերադառնալու ճանապարհին՝ անծանոթ անձից:
Ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը:
--00—ԼՀ