Ինտերնետ շահումով խաղերը ազգային անվտանգության սպառնալիք է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

1704958777

Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին ահազանգում է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը»։

Առաջացած խնդիրների ուսումնասիրության նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության» և «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։

«Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։

«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը» համագործակցության կոչ է անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսկելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու, և ոլորտը կարգավորելու նպատակով։

Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է։

--00—ՅՄ