Գիտուժը հայտնում է իր խիստ անհամաձայնությունը կառավարության որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

.

Գիտուժ նախաձեռնությունը հայտնում է իր խիստ անհամաձայնությունը ԳՀՓՄ (գիտահետազոտական և փորձարարական մշակումներ) աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։

Չնայած մասնավոր ԳՀՓՄ զարգացմանն ուղղված պետական աջակցությունը պարտադիր և ողջունելի քայլ է, այնուամենայնիվ, առկա են մի շարք հիմնարար խնդիրներ՝ ինչպես գործընթացի, այնպես էլ առաջարկվող կառուցվածքային լուծումների առումով։

Գործընթացի հետ կապված մտահոգություններ

ՀՀ կառավարության գործելաոճը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ առկա կարգավորման մշակման փուլերում, խնդրահարույց է եղել։ Չնայած ՀՀ վարչապետի մոտ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը, կառավարությունը չի ապահովել մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը գործընթացի սկզբնական փուլում և դրա փոխարեն քննարկման է ներկայացրել արդեն պատրաստի նախագծեր։ Մենք գնահատում ենք ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ընթացող քննարկումները և նրանց պատրաստակամությունը լսելու մեր դիտարկումները, սակայն առկա ձևաչափերը չեն ապահովում փաստարկված դիրքորոշման ներկայացման և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու արդյունավետ հնարավորություն։

Նման գործընթացը խոչընդոտում է բովանդակային երկխոսությանը և սահմանափակում է բանիմաց շահառուների ներգրավման հնարավորությունները։ Այս մասին են վկայում նաև գործարար համայնքի ներկայացուցիչների արտահայտած հանրային դիրքորոշումները։

Կառուցվածքային և ինստիտուցիոնալ մտահոգություններ

Պետական ԳՀՓՄ քաղաքականությունը չի կարող իրագործվել միայն մեկ նախարարության սահմանափակ մանդատի շրջանակում։

Մենք մշտապես ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարությունից դուրս զարգացնել պետական ինստիտուցիոնալ կարողությունները՝ խթանելու արդյունաբերական ԳՀՓՄ-ն և ապահովելու պետության հնարավորությունը պատվիրակելու կիրառական հետազոտություններ ու փորձարարական մշակումներ՝ իր անվտանգության բազմաշերտ մարտահրավերները հաղթահարելու համար։

Սակայն ներկայիս առաջարկը ներառում է դրույթներ, որոնք հակասում են այս ռազմավարական նպատակին։

Մասնավորապես, մեր հետևողական և փաստարկված առաջարկները՝ հիմնված միջազգային փորձի և ՀՀ օրենսդրության վրա, անտեսվել են։ Նախատեսվում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները կհաստատի ԿԳՄՍ նախարարը, իսկ նախագահությունն ու քարտուղարությունը կվերապահվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Այս կառուցվածքը ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակում կենտրոնացնում է պետական ԳՀՓՄ քաղաքականության հետ առնչվող լրացուցիչ գործառույթներ, ինչը չի համապատասխանում արդյունաբերական ԳՀՓՄ-ի զարգացման պահանջներին։

Առաջարկներ

  1. Կարճաժամկետ գործողություններ՝ ԳՀՓՄ խթանման հրատապության պայմաններում

Մասնավոր ԳՀՓՄ խթանման առաջնային պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Եթե ժամանակային սահմանափակումների պատճառով գործընթացը սկզբնական փուլում կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարությունում, ապա կառավարության որոշմամբ պետք է հստակ սահմանվի այդ մեխանիզմների փոխանցման վերջնաժամկետը (առավելագույնը 6 ամսվա ընթացքում)։ Բանավոր խոստումները բավարար չեն. անհրաժեշտ է իրավական հստակ ձևակերպում։

  1. Միջնաժամկետ գործողություններ. Կարգավորման բովանդակության անհապաղ վերանայում

Վերսկսել ընթացիկ կարգավորման քննարկման գործընթացը՝ ապահովելով բովանդակային համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ մինչև նախագծի վերջնական ընդունումը։

  1. Երկարաժամկետ տեսլական. Նախաձեռնել ԳՀՓՄ-ի զարգացմանը վերաբերող օրենսդրության և պետական քաղաքականության համապարփակ վերանայում

Պետական ռազմավարության մշակման շրջանակում ապահովել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը։

Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար և պատրաստ ենք մեր փորձառությամբ աջակցել ԳՀՓՄ զարգացման ինստիտուցիոնալ համակարգի մշակմանը։

Գիտուժ նախաձեռնությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Այս առաքելության շրջանակում մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանի կարիքներից և նպատակներից բխող կայուն և արդյունավետ գիտահետազոտական և նորարարական համակարգ ձևավորելու համար։
--00--ԱՀ