Արագածոտնի մարզում ընտանիքի 6 անդամներ անհայտ ծագման թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

photo_2025-02-17_10-49-32

Փետրվարի 7-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից 3 հոգի անհայտ ծագման թունավորմամբ դիմել են բուժօգնության, իսկ քիչ անց շտապօգնության ավտոմեքենայով նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել ևս 3 հոգի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացիներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Թ․ Ն․-ն, 11-ամյա Կ․ Ա․-ն, 8-ամյա Լ․ Ա․-ն, 49-ամյա Լ․ Վ․-ն, 5-ամյա Մ․ Ա․-ն և 20-ամյա Ն․ Գ․-ն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձիք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղերից մեկում՝ խոհանոցում առկա հեղուկ գազի 5 լ. տարողությամբ տարայից՝ գազի արտահոսքի հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

--00—ՅՄ