Վեհափառը Իտալիայի դեսպանի հետ խոսել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2025-02-28_15-42-31

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները:

Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգություններին, Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների վերադարձման խնդրին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դատապարտման և կանխման գործում։

Իր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում:

--00—ՅՄ